Kategorien

¸Çï¿ù ¶¿áñ· ì³ñ¹³ÝÇ Ï³Ûù¿çÁ

 
  ²ÝÓÝ³Ï³Ý Ï³ÝáÝÝ»ñ
  ºñÇï³ë³ñ¹Ý»ñÇ Ñ»ï
  ¶áñÍáõÝ¿áõÃÇõÝ
²ß˳ï³Ýù³ÛÇÝ Íñ³·Çñ
¸Çï³ÝÏÇõÝ


  English
Farsi
 

Թեհրան

25 Ապրիլ 2006

Հայոց Հասարակական միութիւն

Սիրելիներ եկէք այսօր խուսափենք անցեալի մասին խօսելուց, եկէք այսօր մեր դէմքն ուղղենք ոչ թէ պատմութեան էջերին, որոնք ինքնին դրոշմւած են ամեն հայորդու հոգու խորքում, այլ քննելով ներկայի կարգավիճակը ու նրանից բխող իրականութիւնները, նայենք դէպի ապագան, այնտեղ ուր պիտի առաջնորդի մեզ, մեր հայկական պահանջատիրութեան լուծման կարեւորութիւնից բխող շահերն ու իմցականութիւնը:

Ո՞րտեղ ենք այսօր:

91 տարիներից յետոյ, մեր ժողովուրդը կարծէք թէ թեւակոխում է նոր փուլ հայ դատի պայքարի ասպարէզում, երբ այսօր իր թիկունքին կանգնած է տեսնում Հայաստանի անկախ պետականութեանը, որ նոր երանգ ու քաղաքական լիցք է տալիս հայոց ցեղասպանութեան եւ հայոց բռնագրաււած հողերի ու ոտնահարւած իրաւունքների պահանջատիրութեանը:

91 տարիներ առաջ ապրիլի 24-ից սկսած հայ ազգի բնաջնջման նպատակով իրագործւող վայրագ բարբարոսութիւնները Օսմանեան թուրքերի կողմից, այսօր իսկ շարունակւում են սպիտակ ջարդի բոլոր իմաստներով՝ այն է հակահայ պրոպականդ, հայոց դարաւոր յուշակոթողների եւ սրբութիւնների ոչնչացում եւ մեր հայրենակիցների սրբութիւն դարձաց ոտնահետքերի տրորումը Թուրքիոյ կառավարութեան կողմից:

Պանտուրքիստական ռազմավարութեան ուժական գլխագիր հանդիսացող Թուրքիան, ոչ մի ջանք չի խնայում իրականացնելու իրեն ժառանգութիւն հասած հիւանդագին գործը գլուխ բերել. Իսկ պատմութեան էջերում երբէք էլ չեն պակասել մանկլաւիկների եւ պղտոր ջրից ձուկ որսացողների տխրահռչակ ոհմակները, որոնք իրենց սեփական նպատակները իրականացնելու եւ դրանց ստորագոյն դասին բնորոշ՝ գրպանները լցնելու համար պատրաստ են կատարելու ցանկացած ստոր եւ  սեւ արարք:

Բայց այս օրերին 91 տարիներից յետոյ երբ աշխարհի բոլոր անկիւններում սփռւած հայ մանուկները իրենց պապիկների, տատիկների եւ ծնողների կողքին, ու ինչուչէ նաեւ աւելի համարձակ ու պայքարունակ բողոքում ու բռունցք են նետում Թուրքիոյ եւ նրան հովանաւորող պետութիւնների դէմքին, մենք դառնութեան հետ շաղախւած ու վեր յառնող ցնծութեամբ կրկին անգամ համոզւում ենք, որ այդ պայքարի ալիքը իր գիրկը առել է ու դեռ պիտի առնի նաեւ Հայաստանաբնակ մեր հայորդիներին եւ անդիմադրելի խորտակիչ ուժով պիտի հարւածի Թուրքիայի ռնգերին, որը դեռ իր պատմութեան եւ մարդկային խղճի վրայ ծարացած հայոց աւելի քան 1,5 միլիոն զոհերի արիւնը, այսօր ցանկանում է իբր քաղաքակիրթ ու մարդկային նկարագիր ունեցող ձեւանալ եւ որեւէ կերպ սողարկել Եւրոմիութեան կազմ:

Այսօր եւս երբ աշխարհի բոլոր միջազգային եւ պետական ատեաններում բարձրաձայն հոլովւում են մարդկային իրաւունք, արդարութիւն, մարդու խօսքի եւ կամքի ազատութիւն, բովադակալից իմաստ-բառերը, դեռ իրենց իմաստը չեն կորցրել այն խօսքերը որ 91 տարիներից աւելի է հայ ժողովուրդը գոռում է ի լուր աշխարհի ու նամանաւանդ բոլոր նրանց երեսին, որոնք սեփական շահերն ի նկատի ունենալով քաջալերում են փանտուրանիստական գործընթացը՝

Ով մարդկային արդարութիւն թող ես թքնեմ քո ճակատին...

Տասնամեակների ընթացքում օրն ի բուն տարւած տքնաջան աշխատանքների հետեւանքով աշխարհում օր օրի մեծանում է այն երկրների եւ պետութիւնների թիւը, որոնք ճանաչելով քսաներորդ դարի առաջին ցեղասպանութիւնը Թուրքիային կոչ են անում եւ նրան պահանջ են ներկայացնում ճանաչել իր անցեալ սերունդի վայրագութիւնը՝ այն է հայ ժողովրդին պատճառած անհատուցելի եւ անմարդկային վնասները:

...

Ուրեմն այսօր մենք աւելի ուժեղ դիրքեր ենք զբաղեցնում քան մեր թշնամին: Աւելի ճիշտ, համեմատւելով Թուրքիային՝ հայ ժողովուրդն իր զօրաբանակով առաջխաղացք է արձանագրել քանզի բնաջնջման ճակատագրին դէմ դիմաց կանգնած հայ ժողովուրդը այսօր ունի՝

·        Կազմակերպւած գաղութներ, աչալուրջ համայնքներից բաղկացած

·        Յաջողել է աշխարհի բազմիցս պետութիւններին հանգեցնել այն եզրակացութեան թէ պիտի Թուրքիային ստիպել ճանաչելու հայոց ցեղասպանութիւնը

·        Իսկ ամենակարեւորը ունի ազատ ու անկախ պետականութիւն...

 

Ուրեմն եթէ մեր թշնամին անցեալ ժամանակներում օգտւելով իր երկու բազուկներից միտում էր խեղդել հայ ժողովրդի արդարութիւն պահանջող ձայնը ու մենք իրաւազրկւած ժողովուրդս պաշտպանւում էինք միայն մեր սփիւռքեան բազուկով, այսօր շատ աւելի զգօն պիտի լինի Թուրքիան, քանզի մեր սփիւռքեան, իր զինական ու դիւանագիտական պարտաւորութիւնները լաւագոյնս կատարող եւ ոչ միայն պաշտպանւող այլ նաեւ յարձակումների դիմող բազուկին օժանդակութեան է հասել Հայոց անկախ հանրապետութեան՝ պետական բազուկը...

Հետեւաբար մենք այսօր կարող ենք ոչ միայն պաշտպանւել այլ եւ աւելի ուժգին հարւածներ իրագործել Թուրքիայի հայակուլ քաղաքականութեան հասցէին: Իսկ դա լաւագոյնս իրագործելու համար հայ ժողովրդին պէտք է իր յիշեալ երկու ուղղութեամբ զարգացող հնարաւորութիւնները օգտագործել համադրւած ու համահունչ շարժումներով:

Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին թափ տալու եւ այն նպատակասլաց հունի վրայ դնելու մեջ իր անփոխարինելի դերն ունի Հայաստանի պետութիւնը, որը այսույետ սփիւռքի միադարեան փորձ ունեցող հայ դատի մասնագիտացած մարմինների հետ համընթաց, միջազգային պետական մակարդակներին պիտի ներկայացնի հայ ժողովրդի համընդհանուր պահանջները՝ աննահանջ, անզիջող եւ անսակարկելի:

Հայաստանի պետութեան առջեւ այսօր դրւած են կարեւոր պարտաւորութիւններ, հայաստանաբնակ մեր ժողովուրդը 70 տարիներ հեռու է պահւել իր հարազատ եղբայրների եւ քոյրերի պայքարից, ուստի նոյնքան եւ տեղեկատւութեան կարիքն է զգացւում այսօր, որպէսզի նա ի վիճակի լինի քայլ պահել իր սփիւռքում ապրող ազգակիցների, հայ դատի ուղղութեամբ տարւող աշխատանքների հետ: Այսօր երբեմն պէտք է առաջ շաժւել պետական ուժանակից սնւելով, իսկ երբեմն էլ համայնքների ազգային եւ մշակութային իրաւունքները շեփորելով, ի վերջոյ ամեն սփիւռքաբնակ երկիր իր, անգամ բարձրաձայն չարտայայտւող պետական սեփականութիւնների շարքին է դասում կարգապահ հայկական համայնքների համար արժէք համարւող՝ ազգային շահերը:

Միւս կողմից կան երկրներ որոնց համար Հայաստանը ռազմավարական բարեկամ է համարւում ի նկատի ունենալով փանթուրքիսմի վտանգը, որպէս պարզ, անառարկելի եւ իրանահայութեանս համար ակընբախ իրականութիւն պիտի յիշատակել մեր Իրանաեան հայրենիքը:

Եթէ որպէս պարզեցւած բացատրական հայ դատը բնութագրենք հետեւեալ երեք բառերով՝

1.      Հողահաւաք

2.      Հայահաւաք

3.      Անկախ եւ ժողովրդավար կարգերով պետութեան ամրագրում

Ապա համեմատելով հայ ժողովրդի պահանջատիրական այս երեք սկզբունքները, հարեւան երկրների քաղաքական, տնտեսական եւ տարածաշրաջանային առաջնահերթութիւններ համարւող իրականութիւններին, կը տեսնենք որ դրանք ընթանում են նոյն ուղղութեամբ, այսպէս.

1.      Իրանի հողային ամբողջականութիւնը ոչ միայն չի հակասում հայ դատի լուծմանը, այլ հակառակը՝ որպէս խանգարող սեպ մխրճւած է փանթուրանական ծրագրի իրագործման ճամբին, եւ այդ ուղութեամբ, տարածաշրջանում կայուն կարգավիճակի ստեղծումը երաշխաւորում է նաեւ երկու հարեւան երկրների ապահովութիւնը:

2.      Տնտեսական ու հասարակական ասպարէզում կայունացած Հայաստանը առիթը կստեղծի աշխարհացրիւ հայ ժողովրդին հաւաքագրւելու հայրենիքում: Իրան-Հայաստան բարեկարգւած ու օգտաշատ յարաբերութիւնները պիտի օժանդակեն Հայաստանի բարգաւաճմանը եւ նրա տնտեսական ու հասարակական անկախութեանը:

3.      Անթերի արտաքին յարաբերութիւնների կիրառումը կօժանդակի Հայաստանի հանրապետութեանը ապահովել բարեկեցիկ կեանք իր քաղաքացիների համար եւ  ընթանալ դէպի ժողովրդավարութիւն միտող կառավարութիւնների ճանապարհով:

 

Ուրեմն հայկական կողմն այսօր հնարաւորութիւնն ունի մերթ ընդ մերթ, եւ պայքարի պահանջներին ենթակայ օգտւել իր սփիւռքեան կամ Հայաստանեան հատւածներից: Սակայն միշտ էլ համադրւած ու ծրագրւած ընթացքով:

Բնական է որ Ձեր թանկագին համբերութիւնը աւելին չարաշահած չլինելու համար պիտի բաւականանանք վերոյիշեալ ամփոփագիր օրինակով, սակայն թւում է թէ բոլորս էլ պիտի երկրորդենք այն իրականութիւնը որ բազմադարեան պատմական ու մշակութային անցեալ ունեցող հայ ժողովրդի սփիւռքեան հատւածների համար դժւար չպիտի լինի իրենց ծննդավայր-հայրենիքների պարտաճանաչ քաղաքացիները լինելով հանդերձ, իրենց բոլոր հնարաւորութիւններով օժանդակեն հայ դատի լուծման տիտանական աշխատանքներին:

Հետեւաբար մեզ մնում է միայն վերանորոգել ամեն հայորդու հետ ծնւող՝ ազգային մեր ուխտը...

Կողք կողքի, թիկունք թիկունքի, խրոխտ ու անսասան քայլելու ենք՝ մեր նպատակին ընդառաջ, ոչ մի բարոյական եւ նիւթական հնարաւորութիւն չխնայելով, առանց որեւէ տարակուսանքի կամ յուսահատութեան, քանզի մեր ազգի կենաց ծառը ոռոգւում է հայորդիների արիւնով եւ անմահութեան հաւատքով...

Փառք եւ օրհնանք մեր նահատակների անմահ յիշատակին, որ ուժ եւ յանդգնութիւն է ներարկում մեր հայկազունների բազուկներին...

Ողջոյն եւ յարգանք քեզ՝ հերոսներ ծնող եւ հերոսներ սնող հայ ժողովուրդ...

Կեանք ու խաղաղութիւն քեզ՝ մատաղ սերունդ, որ քո նախնիների փառքը լուսաւորում է ուղիդ եւ նրանց տառապանքը ամուր սեղմում ընդդէմ զաւթիչների եւ նրանց հովանաւորողների, աշխարհ սասանող բռունցքդ...

Շնորհակալութիւն:

Գէորգ Վարդանեան

Հիւսիսաւին Իրանահայութեան Պատգամաւոր

Իրանի Իսլամական Խորհրդարանում

 

 

 
 
 
® All Right Reserved By Gevork Vartan (I . R . I . M . P). © Designed and developed by Global Micro Center ® 2006
For more information please contact : info@gevorkvartanmp.ir